Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Բյուրոյի դատաքիմիական փորձաքննությունների լաբորատորիան համալրվել է գերժամանակակից գերզգայուն անալիտիկ սարքավորումային համալիրով
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատաքիմիական փորձաքննությունների լաբորատորիան միջազգային պահանջներին համապատասխան հագեցվել է նորագույն գերզգայուն անալիտիկ սարքավորումային համալիրով՝ «Agilent Technologies» ընկերության եռակի քառաբևեռ մասսպեկտրաչափի հետ համակցված հեղուկային քրոմատոգրաֆով՝ իր լրակազմով:
Սարքավորումային համալիրն ունի բազմաթիվ տեխնոլոգիական առավելություններ և հետազոտական լայն հնարավորություններ: Մասնավորապես՝ եռակի քառաբևեռ մասսպեկտրաչափի հետ համակցված հեղուկային քրոմատոգրաֆիական մեթոդի կիրառմամբ իրականացվող դատաքիմիական (քիմիկոթունաբանական) հետազոտությունները հնարավորություն են տալիս հետազոտելի կենսաբանական բոլոր տեսակի նմուշներում (այդ թվում՝ մազ, մեզ, արյուն, եղունգ, թուք, ներքին օրգաններ) սեղմ ժամկետներում և բարձր ճշգրտությամբ իրականացնել թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դեղամիջոցների, թունավոր, խիստ ներգործող նյութերի հայտնաբերմանն ուղղված գերզգայուն հետազոտություններ (նանոգրամների և պիկոգրամների ճշգրտությամբ):
Հետազոտությունների համար մշակվել և ներդրվել են նմուշապատրաստման և հետազոտման օպտիմալացված էֆեկտիվ մեթոդներ՝ բացառելու հետազոտելի նմուշների աղտոտման և սխալանքի բերող որևէ մարդածին կամ այլ գործոնների հավանական ազդեցությունը, ինչպես նաև գնահատելու հետազոտելի բարդ մատրիցային նմուշների (մազ, եղունգի եզրային կտրվածքներ) որևէ, այդ թվում՝ հսկվող նյութեր պարունակող հետքերով արտաքին աղտոտվածության առկայությունը, ինչպես նաև բացառել դրանց ազդեցությունը տվյալ նմուշներում հսկվող նյութերի և դրանց մետաբոլիտների հետազոտության արդյունքների վրա՝ ապահովելով անձի կողմից հսկվող նյութի օգտագործած լինելը հավաստող կամ բացառող արժանահավատ փորձագիտական տվյալներ:
Սարքավորումային համալիրն ունի պարբերաբար թարմացվող տվյալների բազային մշտական հասանելիություն, ինչը հնարավորություն է տալիս բարձր ճշգրտությամբ վաղ հայտնաբերել և նույնականացնել հատկապես նոր սերնդի սինթետիկ թմրամիջոցներն ու դրանց մետաբոլիտները:
Իրականացվող հետազոտությունների արդյունքում ստացված տվյալների արժանահավատությունն ապահովելու նպատակով, հաշվի առնելով դատափորձագիտական ոլորտի ժամանակակից պահանջներն ու զարգացման միտումները, Կազմակերպությունում «Agilent Technologies» ընկերության և արտերկրից հրավիրված ոլորտի բարձր որակավորում ունեցող առաջատար մասնագետների խմբի կողմից անցկացվել է փորձագիտական անձնակազմի ուսուցում և պատրաստում՝ նպատակ ունենալով զարգացնել հետազոտական գործընթացում կիրառվող սարք-սարքավորումների և ծրագրային ապահովումների միջոցով ստացվող արդյունքների ճշգրտության և ստույգության վերլուծության կարողությունները:
Իրականացվել են նաև Կազմակերպությունում առկա և նյութագիտական փորձաքնություններում կիրառվող մասս-սպեկտրոմետրով համակցված գազային քրոմատագրաֆիկ սարքավորումային համալիրի գրադարանների համալրման և թարմացման գործընթացներ, որոնք ևս հնարավորություն կտան գազային քրոմատոգրաֆիական մեթոդի կիրառմամբ իրականացնել հսկվող, այդ թվում՝ նոր շրջանառվող նյութերի, սինթետիկ թմրամիջոցների, ինչպես նաև դրանց համարժեք նյութերի (անալոգ) կամ դրանց ածանցյալների բարձր ճշգրտությամբ վաղ հայտնաբերում և նույնականացում:
Սարքավորումային համալիրի հետազոտական հնարավորությունների լիարժեք կիրառման առումով անհրաժեշտ մեթոդաբանության ներդրման ուղղությամբ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:
Այսպիսով` Փորձաքննությունների ազգային բյուրոյում հաջողվել է ձևավորել միջազգային չափանիշներին համապատասխանող դատաքիմիական փորձաքննությունների լաբորատորիա և համալրել մեր երկրում առկա փորձագիտական հնարավորությունները՝ ապահովելով նշանակվող դատաքիմիական (քիմիկոթունաբանական) և նյութագիտական փորձաքննությունների իրականացման ժամկետների կրճատումն ու հավաստի արդյունքների ստացումը՝ ի նպաստ մեր երկրում թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թմրամոլության դեմ պայքարում դատաքննչական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը:
15 January 2024